Վաշինգտոնաբնակ հայերը փետրվարի 28—ին Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ցույց են անցկացրել՝ ադրբեջանի բռնությունների զոհերի հիշատակը հարգելու եւ Լեռնային Ղարաբաղի ազատատենչ ժողովրդին զորակցություն հայտնելու համար։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Վաշինգտոնի Հայկական երիտասարդական ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

Վաշինգտոնի Հայկական երիտասարդական ֆեդերացիայի եւ Սբ. Մարիամ եկեղեցու երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված  ցույցը նվիրված էր Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայկական ջարդերի 26-ամյա տարելիցին, որոնք հող էին նախապատրաստել 1990թ. Բաքվի հարձակումների  եւ հակահայկական բռնության համար, որը շարունակվում է առ այսօր:  Ցուցարարները հատուկ ուշադրություն են հրավիրել 10 տարի առաջ Հունգարիայում ադրբեջանցի զիծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից  հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության փաստի վրա:

Ադրբեջանցի հակընդդեմ ցուցարարների փոքրաթիվ մի խումբ հեգնական դիտողություններ է արել, երբ հայկական Սբ. Մարիամ եկեղեցու հովիվ Հովսեփ Կարապետյանը հայ համայնքի անդամների ներկայությամբ աղոթել է ջարդերի զոհերի հիշատակի համար:  Ոստիկանությունը ստիպված է  եղել ադրբեջանցի սադրիչներից մեկին դուրս հրավիրել, երբ վերջինս մոտեցել էր հայ ցուցարարներին եւ ցուցանակով հարվածել նրանցից մեկին:  Ադրբեջանցի ցուցարարներից շատերը ցույց են տվել  «գորշ գայլերի» նշանը` համերաշխություն հայտնելով թուրք ուլտրաազգայնական եւ նեոֆաշիստական երիտասարդական կազմակերպությանը, որը մեղադրվում է քաղաքական սպանություններում:

Նշենք, որ 1988թ.  փետրվարի 27-29-ին Ադրբեջանի ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքը դարձել էր հայ բնակչության զանգվածային սպանդի թատերաբեմ: Սպանվել էին տասնյակ հայեր, հարյուրավորները ծանր վիրավորվել էին: