Մաքսային միությանը Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզ»-ով մշակված գործընթացը պատրաստ կլինի ապրիլի կեսերին: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ երբ համաձայնագրի տեքստը պատրաստ լինի եւ համաձայնեցվի  ՄՄ անդամ մյուս երկրների հետ, այն կներկայացվի ԱԺ հաստատմանը:

Ասուլիսին ներկա Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանի խոսքով՝ փետրվարի 26-ին տեղի է ունեցել ՄՄ-ում ձեւավորված աշխատանքային խմբի երրորդ նիստը, որն զբաղվում է Հայաստանի հետ համագործակցության ճանապարհային քարտեզի շուրջ տարվող գործընթացներով։ Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 28-ին, որտեղ հիմնականում կամփոփվեն բոլոր աշխատանքները:

«Մինչ այդ մարտի 4-ին Աստանայում կքննարկվի ՄՄ–ին Հայաստանի միանալու վերաբերյալ հարցը, որից հետո մարտի 11-ին Մոսկվայում կհանդիպեն ՄՄ անդամ երկրների եւ Հայաստանի նախագահները»,-նշել է նա՝ հավելելով, որ դրանից հետո կսկսվի պայմանագրի պատրաստման շուրջ աշխատանքները:

Մինասյանը նաեւ նշել է, որ շուտով բանակցային գործընթաց կսկսվի Մաքսային միության անդամ բոլոր երկրների հետ՝ երրորդ երկրներից Հայաստան ներկրվող զգայուն ապրանքների նկատմամբ ներկայիս մաքսատուրքերը չբարձրացնելու վերաբերյալ: