Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել այն վարորդների համար, որոնք իրենց պատկանող մեքենաները չեն շահագործում եւ ներկայումս ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար ենթարկվում են վարչական պատասխանատվության:

Հաղորդագրության մեջ ասվում է.

«ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացի արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ դեպքեր, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերերն իրենց պատկանող տրանսպորտային միջոցները չեն շահագործում եւ ներկայումս ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար ենթարկվում են վարչական պատասխանատվության:

Ելնելով նմանատիպ դեպքերից՝ ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար, կոչ ենք անում բոլոր այն անձանց, ովքեր չեն շահագործում տրանսպորտային միջոցները, իրենք կամ ցանկացած շահագրգիռ անձ դիմեն ճանապարհային ոստիկանության ցանկացած հաշվառման քննական ստորաբաժանում` տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար՝ ներկայացնելով հաշվառման համարանիշերը եւ հաշվառման վկայագիրը (ձեր անվամբ հաշվառված տրանսպորտային միջոցների նկատմամբ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու վերաբերյալ համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացի ժամանակ առաջացած հետագա պարտավորություններից զերծ մնալու համար):

Հարցերի եւ պարզաբանումների համար կարող եք գրավոր դիմել Ճանապարհային ոստիկանություն կամ զանգահարել +374(10)56-45-88 հեռախոսահամարով»: