ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը փետրվարի 28-ին հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի հետ եւ քննարկել հայ-ամերիկյան հարաբերությունները: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտաքին գործերի նախարարությունից:

Դեսպան Մարգարյանը եւ Կոնգրեսի հանձնաժողովի նախագահը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների, Ներկայացուցիչների պալատում համագործակցության եւ այլ հարցերի շուրջ:

Դեսպան Մարգարյանը բարձր է գնահատել կոնգրեսականի հետեւողական կեցվածքը Հայաստանին եւ հայ ժողովրդին հուզող հարցերում: Կոնգրեսական Ռոյսը հավաստիացրել է,  որ այսուհետ եւս շարունակելու է իր սկզբունքային դիրքորոշումը:

Նույն օրը դեսպան Մարգարյանը հանդիպում է ունեցել նաեւ ԱՄՆ Սենատի անդամ Մարկ Կիրկի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների եւ Սենատում համագործակցության հետագա հնարավորությունների հետ կապված հարցերի լայն շրջանակ: