Ադրբեջանի ողջ բնակչության կյանքը վտանգի տակ է, քանի դեռ այդ երկրում իշխանության գլխին Ալիեւների կլանն է: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատգամավոր Վահրամ Աթանեսյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական կողմի փորձերը ԵԽԽՎ Մոնիթորինգի կոմիտեի ուշադրությունը հրավիրել «Նախիջեւանի շրջափակման» մտացածին հարցի վրա:
«Նախիջեւանը շրջափակված չի եղել, եւ այժմ էլ շրջափակված չէ: Նախիջեւանը բաց սահմաններ ունի Թուրքիայի եւ Իրանի հետ, երաշխավորված օդային հաղորդակցություն Բաքվի հետ: Այնպես որ հայտարարությունները տվյալ թեմայի առթիվ հերթական դեմագոգիա են»,- ընդգծել է Վահրամ Աթանեսյանը:
Դրա հետ մեկտեղ արցախցի պատգամավորը հայտնել է, որ ցավում է 1990-ական թթ. ինքնապաշտպանական ուժերի կողմից Նախիջեւանի շրջանը վերահսկողության տակ չվերցնելու կապակցությամբ՝ ելնելով Կարսի համաձայնագրից ու այդ կերպ չեն լուծել տարածաշրջանի համար կարեւոր այդ հարցը:




























