Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հայաստանում «Էյ ջեյ էյ հոլդինգ» ընկերության տարածք, որտեղ ստեղծվում է մասնագիտացված ոսկերչական, ակնագործական եւ ժամագործական ազատ տնտեսական գոտի: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կառավարությունից: Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի եւ ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել է տարածքով՝ ծանոթացել առաջիկայում իրականացվելիք շինաշխատանքների ծրագրերին: Այնուհետեւ խորհրդակցության ընթացքում վարչապետին է ներկայացվել ազատ տնտեսական գոտու նախագիծը:
Նախատեսվում է ԱՏԳ-ում առաջին երեք տարիների ընթացքում ներգրավել 120-150 ընկերություններ, որոնք կստեղծեն շուրջ 2 հազար նոր աշխատատեղեր եւ կապահովեն տարեկան շուրջ 200-250 մլն դոլարի արտադրանքի արտահանում: Մինչ 2015 թվականը տարածքի ձեռքբերման, հիմնանորոգման եւ գործարկման համար պահանջվող ներդրումները գնահատվել են 10.72 մլն դոլար: Նախատեսվում է, որ ԱՏԳ-ն կսկսի փուլային գործունեություն իրականացնել 2014 թվականից եւ լիովին կգործարկվի մինչեւ 2015 թ. վերջ: ԱՏԳ հիմնանորոգված տարածքը կհասնի 32 հազար 400 քմ-ի, որից 12 հազար 750 քմ-ն կլինի արտադրական տարածք: 2013 թ. դրությամբ մոտ 10 հազար քմ տարածքն արդեն նախապես ամրագրվել է ավելի քան 15 ոսկերչական ընկերությունների կողմից, որոնք ներկայացնում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան, Լիբանանը, ԱՄԷ-ն եւ այլն:



























