Դանիայում մտադիր են ոչնչացնել ջրարջանման շների սերունդը։ Մասնագետների կարծիքով այդ կենդանիները շրջակա միջավայրին ավելի շատ վնաս են հասցնում, քան օգուտ։ Դանիայում ջրարջանման շներին համարում են սպառնալիք վայրի բնության եւ մարդկության համար։ Դրանք ընդունակ են ճահճային եւ ջրային թռչունների ամբողջ ցեղատեսակներ ոչնչացնել, նաեւ կատաղության վարակի եւ տարբեր մակաբույծների պոտենցիալ տարածողներ են, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Ջրարջանման շունը, որին նաեւ ուսուրիական են անվանում, շնազգի կաթնասունների գիշատիչ ամենակերներից է: Նրանք հիմնականում բնակվում են Արեւելյան Ասիայում, իսկ Դանիայում եւ եվրոպական այլ երկրներում հայտնվել են Արեւելքից: Ջրարջանման գայլաշունը ճապոնական առասպելաբանության հայտնի կերպար է:
Դանիայի բնության գործակալության «սեւ ցուցակում» բացի ջրարջանման շնից ընդգրկված են նաեւ կանադական սագը, ամերիկյան ջրաքիսը եւ բազմաթիվ բույսեր, հաղորդում է Vesti.ru-ն:



























