ՀՀ իշխանությունները պարտավոր են անել ամեն ինչ, որպեսզի բացահայտվի Մարտի 1-ը եւ դրա մեղավորները պատասխանատվություն կրեն։ Հակառակ կեցվածքը մենք համարում ենք այդ ծանրագույն հանցագործության պարտակում եւ հովանավորում: Այս մասին հայտարարություն է տարածվել ԱԻՄ Ներկայացուցչական խորհրդի անունից: «2008թ.-ի Մարտի 1-ը հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերից է։ Այդ օրը բացահայտորեն դրսեւորվեց հանուն իշխանության ամեն ինչի, այդ թվում՝ անմեղ մարդկանց զանգվածային սպանությունների գնալու «բոլշեւիկյան» գործելակերպը։

Նման վայրագություն ժողովուրդը տեսել էր նաեւ 1991, 1995 եւ մանավանդ 1996թթ։ Բարեբախտաբար այն ժամանակ հնարավոր եղավ խուսափել մեծաքանակ զոհերից։ Անվիճելի է, որ Մարտի 1-ը տեղի ունեցավ անցյալի հանցավոր դրսեւորումների նկատմամբ մեր ընդհանրական հանդուրժողական վերաբերմունքի պատճառով։ Ընդդեմ ժողովրդի եւ ժողովրդականության բանակն օգտագործելու ամոթալի եւ հակաօրինական երեւույթը վաղուց էր որդեգրվել հայ իշխանակիրների կողմից։ Բոլշեւիկները վաղուց չկան, սակայն նրանք «նպատակն արդարացնում է միջոցները» իրենց գլխավոր կարգախոսով ղեկավարվող բազում ժառանգորդներ են թողել։

Դրանց թվում են նաեւ այսօրվա «քաղաքական գործիչներից» շատերը։ 1987թ. ասպարեզ իջած, «խորհրդային կայսրության» առաջին ազգային-ժողովրդավարական կազմակերպության՝ ԱԻՄ-ի համար, որը «ճանապարհ է բացել մյուս բոլոր ուժերի համար», Մարտի 1-ը ազգային ողբերգություն է եւ նրա դատապարտումը ու մեղավորներին դատարան հասցնելը բոլոր ազնիվ ու արդարամիտ մարդկանց պարտքն է։ ՀՀ իշխանությունները պարտավոր են անել ամեն ինչ, որպեսզի բացահայտվի Մարտի 1-ը եւ դրա մեղավորները պատասխանատվություն կրեն։ Հակառակ կեցվածքը մենք համարում ենք այդ ծանրագույն հանցագործության պարտակում եւ հովանավորում»։