Ոստիկանությունն արձագանքել է Ազատության հրապարակում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարությանը, թե իշխանությունները փակել են Երեւան եկող ճանապարհները, որպեսզի մարդիկ չկարողանան ներկա լինել ՀԱԿ-ի հանրահավաքին:
Ոստիկանության հաղորդագրությունում ասվում է.
«Որոշ անձինք և լրատվամիջոցներ այսօր հայտարարություն են տարածել, թե իբր հանրապետության մարզերից մայրաքաղաք եկող որոշ Ճանապարհներ փակ են:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ շրջանառվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում, հանրապետության բոլոր ճանապարհները բաց են, իսկ նման ապատեղեկատվություն տարածողներին հորդորում ենք զերծ մնալ հանրությանը ոչ հավաստի և չստուգված լուրեր հրամցնելուց»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արամ Մանուկյանը Ազատության հրապարակում հայտարարել էր, որ Երեւան եկող ճանապարհները փակ են, սակայն իշխանությունները «ժողովրդի դեմը չեն կարող առնել»:
Նշենք, որ ՀԱԿ-ի հանրահավաքին ներկա են նաեւ ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Բաբայանը, Տիգրան Ուրիխանյանն ու Վահե Էնֆիաջյանը: Ներկա է նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
«Ճանապարհները փակում են, բայց մեկ է՝ էս հոսանքի դեմը առնել չի լինի, գողերը պետք է գնան, հանցագործները պետք է պատժվեն, ինչքան էլ փակեք՝ գալու ենք ու գալիս են արդեն ու հրապարակը այսօր ծով է տալու,- նշեց նա, ապա ավելացրեց,- Ես ուզում եմ մեր երախտիքի խոսքը ասել զոհերի ծնողներին, մեր ներողության խոսքը ասել իրենց, որ իրենց երեխաներին սպանողները դեռ պտտվում են ազատության մեջ, ազատ վայելում են պաշտոններն ու արեւը»,-ասել է Արամ Մանուկյանը:




























