Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մարտի 1-ին ինքնասպանություն գործած 19-ամյա Ս. Քոչարյանը Գորիսի թիվ 1 հատուկ դպրոցի սան էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորիսի թիվ 1 հատուկ դպրոցի տնօրեն Վալերիկ Շալունցը:

Նա նշեց, որ քանի որ աղջիկը շուտ է ավարտել դպրոցը, շատ տեղեկատվություն չի հիշում: «Մի քիչ թույլ կարողությունների երեխա էր, թեթեւ հոգեկան շեղումներ ուներ»,- ասաց տնօրենը:

Աղջիկը ապրում էր եղբոր հետ, ով աշխատում էր, մայրը մահացել է: Դպրոցի տնօրենն ասաց, որ  հայրը դատապարտված է ցմահ ազատազրկման վթարի պատճառով, որի հետեւանքով Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի է մահացել:

Իսկ Դատական տեղեկատվական համակարգից NEWS.am-ը տեղեկացավ, որ Սողոմոն Քոչարյանը ազատազրկման ընթացքում դատապարտվել է մի քանի անգամ, մի անգամ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախչելու համար, մի անգամ էլ՝ առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու մեղադրանքով: Ինքնասպանություն գործած աղջկա հայրը 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մարտի 1-ին ինքնասպանություն է գործել 19-ամյա Ս. Քոչարյանը: Դեպքը տեղի է ունեցել «Թանգուբ ձոր» կոչվող տարածքում: