Գիտնականների հայտնագործած ստի դետեկտորն ընդունակ է ճիշտը ստից տարբերակել իրական ժամանակի ռեժիմով։ Այն կարող է հետաքրքրել ոստիկանությանը, լրագրողներին եւ փրկարարական ծառայություններին։

Մեծ Բրիտանիայում գիտնականները համակարգչային նոր ծրագիր են մշակել, որն ընդունակ է որոշել համացանցում հրապարակված տեղեկատվության ճշմարտացիությունը։

Ստի նոր դետեկտորի անվանումն է Pheme` հունական աստվածուհու պատվին: Այն կարող է վերլուծել նույնիսկ շատ կարճ գրառումը` մինչեւ 140 տառից բաղկացած, եւ կարող է ճիշտը  ստից տարբերել իրական ժամանակի ռեժիմով` այդ մասին իրազեկելով ոստիկանություն՝ նշելով սուտ կամ ճիշտ տեղեկության հեղինակին, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Համակարգը կարող է նաեւ  որոշել, թե նման գրառումը երբ է դառնում տվյալ թեմայի շահարկում, հնարավոր է՝ դա պարզապես քննարկում է կամ  մոլորություն, իսկ հնարավոր է նաեւ՝ նպատակաուղղված սուտ: Ծրագիրն ինքնուրույն ուսումնասիրում է հեղինակի հաղորդագրությունը, ավտոմատ վերլուծում  բլոգների նախորդ գրառումները:  Եզրակացությունները պատրաստ են լինում մի քանի վայրկյանում:  

Դետեկտորը կարող է  հայտնաբերել նաեւ  այլ աղբյուրներում հրապարակվող տեղեկության հերքումը կամ հաստատումը: Ներկայումս համակարգը մշակման փուլում է: Այն լիարժեք օգտագործման համար պատրաստ կլինի  կես տարվա ընթացքում: Ինչ վերաբերում է այն ստեղծելու արժեքին, դրա համար անհրաժեշտ է  3,5 միլիոն  ֆունտ ստեռլինգ, որը մտադիր է հատկացնել ԵՄ-ն: