Պակիստանում թալիբները հայտարարել են մեկ ամսով հարձակումները դադարեցնելու մասին՝ երկրի կառավարության հետ բանակցությունները վերսկսելու համար, շաբաթ օրը հայտարարում է «Ֆրանս Պրես» Գործակալությունը՝ վկայակոչելով շարժման ներկայացուցչին։

«Մենք այսօրվանից սկսած  մեկ ամսով հաշտություն ենք հայտարարում եւ դիմում ենք մեր կողմնակիցներին, որպեսզի նրանք հարգեն այս որոշումը եւ այդ ժամանակաընթացքում զերծ մնան ցանկացած ակտիվությունից», - հայտարարել է  «Թալիբանի» ներկայացուցիչ Շահիդուլլահ Շահիդը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Փետրվարի սկզբին Պակիստանի կառավարությունը եւ թալիբները սկսել էին բանակցությունները` հաշտություն կնքելու համար: Սակայն գրոհայինները շարունակում էին ահաբեկչությունները եւ հարձակումները զինվորականների վրա: Դրանից հետո խաղաղ բանակցությունների հարցերով զբաղվող կառավարական հանձնաժողովի անդամները Պակիստանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էին, որ ահաբեկչություններին զուգահեռ` երկխոսությունը չի կարող շարունակվել:    Թալիբներն էլ հայտարարել էին, որ  բանակցությունները կվերսկսվեն միայն այն դեպքում, եթե բանակը դադարեցնի իրենց դեմ ռազմական գործողությունները: