Արտասահմանում Ռուսաստանի զինված ուժերի օգտագործման հարցը կորոշի երկրի նախագահը, դեռեւս այդպիսի որոշում չկա: Այս մասին հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նա նշել է, որ ՌԴ խորհրդարանի վերին պալատը նախագահ Պուտինին կոչ է արել ձեռնարկել բոլոր միջոցները՝ Ղրիմում ռուսներին պաշտպանելու համար: Միաժամանակ ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն չի բացառել Ղրիմ ՌԴ զորքեր ուղարկելու հնարավորությունը:

«Դա Դաշնության խորհրդի տեսակետն է: Որոշումն ընդունում է նախագահը: Դեռ այդպիսի որոշում չկա»,-Ասել է Պեսկովը:

Իր հերթին ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը հայտնել է, որ ռուսական զորքերի թվակազմը, որը հնարավոր է մտնի Ղրիմ, որոշում է Պուտինը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմում էր ներկայացրել ՌԴ Դաշնության խորհուրդ՝ Ուկրաինայի տարածքում ՌԴ ԶՈՒ-ն օգտագործելու մասին՝ մինչեւ այդ երկրում հասարակական քաղաքական իրավիճակի կարգավորումը։ Այս մասին հաղորդել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

«Ուկրաինայում ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված, որը սպառնալիք է պարունակում ՌԴ քաղաքացիների, մեր հայրենակիցների, Ղրիմում տեղակայված ՌԴ ԶՈՒ անձնակազմի համար, Ռուսաստանի Սահմանադրության 102 հոդվածի 1-ին մասի «գ» կետի համապատասխան՝  ՌԴ  Դաշնության խորհուրդ եմ ներկայացնում Ուկրաինայի տարածքում զորք օգտագործելու մասին դիմում՝ մինչեւ այդ երկրում հասարակաքաղաքական իրավիճակի կարգավորումը», - ասված է մամուլի ծառայության հաղորդագրությունում։