ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կրկին կհավաքվի այսօր՝ մարտի 1-ին՝ քննարկելու Ուկրաինայի իրավիճակը, հաղորդում է ԱՄՆ-ում NEWS.am-ի թղթակիցը:
ՄԱԿ-ի ԱԽ նիստը տեղի կունենա այսօր, օրվա երկրորդ կեսին, բայց արդեն երկու ժամից Նյու Յորքում կսկսվեն Ուկրաինայի հարցով ԱԽ անդամների միջեւ ոչ ֆորմալ խորհրդակցությունները:
Միաժամանակ, ՄԱԿ-ի ավատ խորհրդական Ռոբերտ Սերրին, որին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այս շաբաթ ավելի վաղ ուղարկել էր Կիեւ, փորձել է այցելել Ղրիմ՝ իր փաստահավաք առաքելությունն իրականացնելու նպատակով, սակայն դա նրան չի հաջողվել:
«Ես շփվեցի Ղրիմի Ինքնավար Հանրապետության իշխանությունների հետ եւ եկա եզրակացության, որ այսօր Ղրիմ այցելությունը հնարավոր չէ»,-իր հայտարարությունում նշել է Սերրին: Նա հավելել է, որ ուղեւորվում է Ժնեւ, որտեղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կտեղեկացնի իր առաքելության արդյունքների եւ հետագա քայլերի մասին:
«Եթե ես լինեի Ղրիմում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունից կփոխանցեի կոչը բոլոր կողմերին՝ ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել առանց այդ էլ սրված իրավիճակի էլ ավելի սրման»,-հայտարարել է Սերրին:




























