Հանձնաժողովները ձեւավորվում են ընդամենը նման հարցերը քողարկելու շուրջ: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Մյասնիկյանի արձանի մոտ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով մարտի 1-ի հարցով հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ խմբակցության նախաձեռնությանը:
«Նույնը եղել է հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործով հանձնաժողովի ժամանակ, որի կազմում ես էլ եմ եղել, նույն բանը եղել է նաեւ մարտի 1-ի առաջին հանձնաժողովի ժամանակ։ Եթե այս իշխանությունները ուզեին՝ մարտի 1-ը կբացահայտեին, կամ էլ չէին անի: Քանի էս իշխանությունները կան, մարտի 1-ը չի բացահայտվի»։
Սասուն Միքայելյանն անդրադարձավ նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության օրակարգի մասին, որի նախաձեռնողներից է նաեւ ինքը. «Մենք պետք է ավելի մատչելի ձեւով մտնենք ժողովրդի մեջ, բացատրենք, ժողովրդի կարծիքն իմանանք։ Մենք չենք եկել, որպես քաղաքական կուսակցություն, այլ եկել ենք «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությամբ։ Եթե գա ժամանակը, եթե կարողանանք հավատ ներշնչել ժողովրդի մեջ, նոր այդ ժամանակ կորոշենք՝ դառնալ կուսակցություն, թե ոչ»։
Սասուն Միքայելյանի խոսքով՝ նոր քաղաքական ուժ է ձեւավորվում Հայաստանում եւ իրենց հիմնական նպատակը երկրում լեգիտիմ նախագահ ունենալն է։
«Իշխանություննների ճնշման ներքո, ժողովուրդը չի կարողանում տեր կանգնել իր քվեին»,-ասաց Սասուն Միքայելյանը՝ նշելով, որ այսօր ժողովուրդը ավելի քան 2008թ-ին պատրաստ է իշխանափոխության։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























