Ուկրաինայի զինված ուժերը բերվել են ամբողջական մարտական պատրաստվածության: Այս մասին բրիֆինգում հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը, հաղորդում է ՈՒՆՆ-ն:

«Հաշվի առնելով ագրեսիայի պոտենցիալ սպառնալիքը, ես հրաման եմ տվել զինված ուժերը բերել մարտական պատրաստվածության»,-ասել է Տուրչինովը՝ հավելելով, որ ուժեղացվել է էլեկտրակայանների ու օդանավակայանների հսկողությունը:

Տուրչինովը հավելել է, որ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը պատերազմի դեպքում մանրամասն պլան է գծել:

Իր հերթին, Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իգոր Տենյուխը նշել է, որ «սպաների, շարքայինների եւ սերժանտական զորակազմի բարոյական ոգին բարձր է»: «Այն խուճապային լուրերը, որոնք տարածում են, մասնավորապես այն մասին, որ զրահամեքենաները գնում են Զապորոժյե, Կիեւ, անհիմն են, որովհետեւ Ուկրաինան ունի իր զինված ուժերը, որոնք ունակ են կատարել իրենց սահմանադրական պարտքը»: