Ուկրաինայի ԱԳՆ-ը դիմել է ԵՄ-ին, ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին խնդրանքով դիտարկել բոլոր հնարավորությունների կիրառումը Ուկրաինայի տարածքային ամբողջականության պաշտպանության համար: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան, հաղորդում է ՈւՆՆ-ը:
Դեշչիցան հաղորդել է, որ այսօր հանդիպել է ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ:
«Մենք համապատասխան դիմումները նամակի տեսքով հանձնել ենք նրանց: Նաեւ դիմում ենք փոխանցել ՆԱՏՕ-ին խնդրանքով դիտարկել բոլոր հնարավորությունների կիրառումը Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ուկրաինացի ժողովրդի, ինչպես նաեւ միջուկային օբյեկտների պաշտպանության համար, որոնք գտնվում են Ուկրաինայի տարածքում»,- հաղորդել է Դեշչիցան:
Բացի այդ նա կոչ է արել պետությունների առաջնորդներին ու գործընկերներին ժամանել Ուկրաինա ու տեսնել, «որ այստեղ ազգային ու էթնիկ փոքրամասնությունների հանդեպ բռնություններ չեն գործադրվում»:
Նա ընդգծել է, որ Ուկրաինան կողմ է իրավիճակի խաղաղ կարգավորմանը. «Մենք պետք է թույլ չտանք սադրանքներ եւ ուժի գործադրում»:




























