Մոսկվան իրավունք է վերապահում պաշտպանելու իր եւ Ուկրաինայի ու Ղրիմի ռուսախոս բնակիչների շահերը: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, այս մասին հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային է հայտարարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ուկրաինայում ռուսական զորքերի կիրառման մասին Օբամայի արտահայտած անհանգստությանն ի պատասխան՝ Պուտինը նրա ուշադրությունն է հրավիրել «ըստ էության՝ Կիեւի ներկայիս իշխանությունների կողմից խրախուսվող, ծայրահեղ ազգայնական էլեմենտների խառնակիչ եւ հանցագործ գործողություններին»:
«Ռուսաստանի նախագահը նշել է ուկրաինական տարածքում գտնվող բազմաթիվ հայրենակիցների եւ Ռուսաստանի քաղաքացիների կյանքին իրական վտանգի առկայության մասին: Պուտինն ընդգծել է, որ ուկրաինայի արեւելյան եւ Ղրիմի տարածքներում բռնության հետագա ծավալման դեպքում Ռուսաստանն իրավունք է վերապահում պաշտպանել իր եւ Ուկրաինայի ռուսախոսների շահերը»,- նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:




























