Ցեղասպանության արխիվի համակարգված թվայնացում է իրականացվում։
Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ ավելացնելով, որ իրենց խնդիրը ոչ միայն Ցեղասպանության վերաբերյալ նյութերը ոչնչացման վտանգից փրկելն է, այլեւ այդ տեղեկատվությունը հանրությանը մատչելի դարձնելը։
«Մեր նպատակը ոչ թե նյութերի մեխանիկական թվայնացումն է, այլ համակարգված թվայնացումը, օրինակ՝ այժմ յուրաքանչյուր լուսանկար համակարգվում է կոնկրետ թեմայի մեջ»,- ասաց Դեմոյանը՝ ավելացնելով, որ Ցեղասպանության վերաբերյալ թվայնացված նյութերը համակարգված կերպով ներկայացվում են հանրությանը՝ ինտերնետային կայքի եւ օնլայն ցուցադրությունների միջոցով։
Դեմոյանի խոսքով՝ Ցեղասպանության վերաբերյալ նյութերի թվայնացման աշխատանքները իրականացվում են մի քանի ուղղություններով՝ նախ թվայնացվեցին այն բոլոր բանավոր պատմությունները, որոնք գտնվում էին կորստի վտանգի տակ, այնուհետեւ ձեռագիր հուշագրությունները։ Նրա խոսքով՝ այժմ շարունակվում է վաղ սկզբնաղբյուրներում եւ օտարալեզու վաղ հրատարակություններում Ցեղասպանության վերաբերյալ նյութերի թվայնացումը։
«Ցանկացած նյութ, թվայնացված ամբողջ տեղեկատվությունը մատչելի է լինելու հասարակությանը՝ ինտերնետի միջոցով»,- ասաց Դեմոյանը՝ ավելացնելով, որ թվայնացման գործընթացը անավարտ աշխատանք է, քանի որ մինչ օրս Ցեղասպանությանը վերաբերող բացառիկ նյութեր եւ լուսանկարներ են ստացվում։
Տեղեկացնենք, որ Ցեղասպանության վերաբերյալ նյութերի թվայնացումը սկսվել է 2007թ.-ից։




























