Անկախության տարիների ընթացքում Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել շուրջ 160 պետությունների հետ,  հանդիսանում է մոտ ինը տասնյակ միջազգային կազմակերպությունների անդամ, ստորագրել շուրջ 1800 միջազգային պայմանագիր եւ համաձայնագիր: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, ՀՀ դիվանագետի օրվա առթիվ իր ելույթում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նկատելով, որ դա խոսում ցուցանիշ է:

Նալբանդյանն իր ելույթում նաեւ նշել է.

«Հայաստանն այսօր կարողանում է իր համար կարեւորություն ունեցող տարբեր հարցերի, հաճախ նաեւ միջազգային օրակարգի մաս կազմող տարաբնույթ խնդիրների վերաբերյալ իր ձայնը լսելի դարձնել միջազգային ամենատարբեր հարթակներում:

Երկու տասնամյակների ընթացքում Հայաստանն իր շարունակական նպաստն է բերել միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովմանը,  ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման, միջազգային իրավունքի այլ սկզբունքների հիման վրա պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման,  վեճերի խաղաղ կարգավորման, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ մարդասիրական խնդիրների լուծման ուղղությամբ միջազգային համագործակցությանը։

Հանրապետության նախագահի արտաքին քաղաքականության սահմանած ուղենիշների եւ հանձնարարականների հիման վրա մեր դիվանագիտության ջանքերն ուղղված են երկրի արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, պետության զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, երկրի հեղինակության ամրապնդմանը, արտերկրում Հանրապետության եւ նրա քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, միջազգային կազմակերպություններում եւ գործընթացներում ներգրավվածության խորացմանը, միջազգային բեմահարթակում դրական օրակարգ ձեւավորող եւ մեր շահերին համահունչ նախաձեռնությունների իրականացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը, ինչպես նաեւ հարաբերությունների բարելավմանը այն հարեւանների հետ, ում հետ դեռ կան խնդիրներ:

Այս երկու տասնամյակի ընթացքում մեզ հաջողվել է զգալիորեն բարձրացնել հայ դիվանագետի համար սահմանված գիտելիքների նվազագույն շեմը՝ միջազգային հարաբերությունների, դիվանագիտության պատմության, միջազգային իրավունքի, միջազգային տնտեսական հարաբերությունների վերաբերյալ տեսական եւ գործնական խորը գիտելիքներ, լայն աշխարհահայացք, առնվազն երկու օտար լեզուների տիրապետում: Հենց նման ունակություններով օժտված կադրերով դիվանագիտական ծառայությունը համալրելու նպատակով ՀՀ նախագահի անմիջական աջակցությամբ չորս տարի առաջ ստեղծվեց եւ այսօր հաջողությամբ գործում է ԱԳՆ Դիվանագիտական դպրոցը՝ որի շուրջ 40 շրջանավարտ այսօր աշխատում է արտգործնախարարության համակարգում, նրանցից կեսն արդեն գործուղվել են արտասահմանում մեր դիվանագիտական ներկայացուցչություններ»: