Հայաստանի մոտեցումները ոչ միայն ըմբռնելի են, այլ նաեւ վայելում են միջազգային հանրության աջակցությունը: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, ՀՀ դիվանագետի օրվա առթիվ իր ելույթում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով, որ այդ մասին են վկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հինգ համատեղ հայտարարությունները:
Նրա խոսքով՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ ջանքեր է գործադրում՝ հիմնահարցի բացառապես խաղաղ, միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի հիման վրա հանգուցալուծման ուղղությամբ:
Էդվարդ Նալբանդյանն իր էլույթում նաեւ նշել է.
«Մեր դիվանագիտության ուշադրության կենտրոնում է գտնվում տնտեսական, մշակութային, հումանիտար կապերի զարգացումը, խորհրդարանական դիվանագիտությանն օժանդակումը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը, ապակենտրոնացված համագործակցության զարգացումը, արտերկրում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը, տարբեր երկրներում բնակվող մեր քաղաքացիների շահերի պաշտպանությունը, հատկապես ճգնաժամային իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին սատարումը։ Այսօր Սիրիայում պատերազմի պայմաններում աշխատող կամ տարբեր հարթակներում մեր երկրի շահերին վնասող տարաբնույթ փորձերին հակազդող, մեր Հայրենիքի դրոշը բարձր պահող հայ դիվանագետները դիվանագիտական ծառայության համակարգի այն դերակատարներն են, առանց որոնց այս համակարգը չի լինի կուռ եւ կանգուն»:




























