ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությանը կից միջուկային անվտանգության ազգային վարչությունը ծրագրում է վերափոխել թուրքական Ինջիրլիկ բազայում առկա միջուկային զինանոցի սպառազինությունները արդիականացված ռումբերով: Բազայում ընդհանուր առմամբ պահվում է այդ տեսակ մոտ 60-70 ռազմամթերք:

Ինչպես հաղորդվում է, խոսքն արդիականացված «B61-12»-ի մասին է, որը մշակվում 2010թ.-ին մեկնարկած նախագծի շրջանակներում եւ կփոխարինի հնացած «В61» տարբերակին: Նոր ռումբի հիմնական տարբերությունը փոփխված հետնամասն է, որը հնարավորություն է տալիս նշանառության, ինչը չուներ «В61»-ը: ՄԱԱՎ-ը առաջին փորձարկումներն է անցկացրել, որոնք գնահատվել են որպես հաջողված: Ծրագրվում, է, որ նոր ռումբերի գործնական կիրառումը հնարավոր կլինի 2017թ-ին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Haberturk-ին:

Նշենք, որ ԱՄՆ-ի եվրոպական միջուկային զինանոցները տեղակայված են Բելգիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Իտալիայում եւ Թուրքիայում: Առկա տվյալների համաձայն՝ այս երկրներում ընդհանուր  առմամբ «В61» մոտ 300 միջուկային ռումբ գոյություն ունի: Ինջիրլիկի թուրքական բազան օգտագործվում է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի բանակի կողմից օպերատիվ, ռազմավարական եւ լոգիստիկ կարիքների համար 1955թ.-ից: Այն գտնվում է Ադանա քաղաքից մի քանի կիլոմետր արեւելք: