«Գնում ենք Գառնու կաֆեի ավազը դատարկենք» ֆեյսբուքյան նախաձեռնության 2 անդամ մարտի 2-ին ոստիկանություն են տարվել՝ Գառնու տաճարի տարածքում կառուցվող սրճարանի շինարարական ավազը Մշակույթի նախարարության մոտ պարկերով դնելու համար:
«Առավոտյան գնացել էինք Գառնի: Սրճարանի շինարարությունը հիմա կասեցված է, բայց իրենք բավական աշխատանք արել են, հին պատը քանդել են, նոր պատ են կառուցել, անունը դրել բարեկարգման աշխատանք: Շինհրապարակում քարերի, ավազի կույտեր էին: Մոտ ինը պարկ ավազով ու քարով լցրեցինք, բերեցինք դրեցինք Մշակույթի նախարարութան շենքի մոտ՝ որպես պատգամ մշակույթի նախարարին, որ զգույշ եղիր, հերիք է՝ ոտնձգություն անես: Գառնու տաճարի սահմանների ներսում ոչ մի շինարարության թույլտվություն»,-NEWS.am ին պատմեց նախաձեռնության անդամ, ակցիայի մասնակից Եղիա Ներսիսյանը:
Նա նշեց, որ Կոտայքի մարզի ոստիկաններն ամեն կերպ փորձել են տապալել ակցիան: Չկարողանալով այնպես անել, որ ակտիվիստները քարերն ու ավազը չլցնեն պարկերը, ոստիկանները թույլ չեն տվել պարկերը տեղափոխել այն ավտոբուսով, որով որ նրանք գնացել էին: «Պարկերը բերեցինք-դրեցինք ավտոբուսի մեջ, որ պիտի քշեինք, ոստիկաններն եկան չթողեցին, որ քշեինք, սպառնացին վարորդին, ասեցին եթե քշես, քո հետ վատ բան կլինի, վարորդը փախավ, երկար ժամանակ չկար»,-ասաց Եղիա Ներսիսյանը՝ նշելով, որ միայն պարկերն այլ ավտոմեքենաներով մայրաքաղաք տեղափոխելուց հետո է ոստիկանությունը իրանց թույլ տվել ավտոբուսով գալ Երեւան:
Մայրաքաղաքում ակտիվիստներին Մշակույթի նախարարության շենքի մոտ սպասելիս են եղել մի խումբ ոստիկաններ: Ակցիայի մասնակիցները քարով ու ավազով լցված պարկերը դրել են նախարության շենքի մոտ, որից հետո նրանցից Եղիա Ներսիսյանին և Գևորգ Սաֆարյանին ոստիկանները տարել են ոստիկանության կենտրոնի բաժին: Նրանց նկատմամբ վարչական իրավախախտման մասին արձանագրություն է կազմվել՝ չսահմանված վայրում աղբ թափելու համար:
Հիշեցնենք, որ ՀՀ Մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ը նախատեսում է այս տարվա մայիսին Գառնիում բացօթյա սեզոնային սրճարան բացել: Գյուղապետ Աշոտ Վարդանյանը 2013թ. նոյեմբերի 27-ին մերժել է ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանին` հայտնելով, որ ինքը թույլ չի տալու կառուցել սրճարանը, մինչեւ չունենա Մշակույթի նախարարության հստակ եզրակացությունը, որ շինության տարածքը պեղումների ենթակա չէ։ Ի պատասխան գյուղապետի նամակի` Պողոսյանը NEWS.am-ին ասել էր, որ տարածքն ուսումնասիրված է և կա հնագետի եզրակացությունը: Նրա խոսքով` սրճարանն ամեն դեպքում կառուցվելու է և դրա համար գյուղապետի թույլտվությունը հարկավոր չէ:




























