Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է ուկրաինական ճգնաժամի ուղղությամբ երկխոսության առաջընթացի կապակցությամբ խումբ ստեղծելու Անգելա Մերկելի առաջարկին: Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Գեորգ Շրայտերը:
Նրա խոսքով՝ Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը համաձայնել է իրավիճակը հետաքննող խումբ ստեղծելու գաղափարի հետ: Հնարավոր է այն լինի ԵԱՀԿ հովանու ներքո շփման խմբի նմանությամբ:
Associated Press-ը նշում է, որ Շրայտերն ընդգծել է, որ եվրոպական երկրները, հնարավոր է նաեւ ՄԱԿ-ը, Ռուսաստանն ու Ուկրաինային ներառող միջազգային խումբը հնարավոր է դառնա խնդրի լուծման մի մասը:
Գերմանիայի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ Մեծ Ութնյակի անդամների շրջանում Ռուսաստանի հետագա ներկայության մասին առկա են տարբեր կարծիքներ: Մի մասը խոսում է խիստ ազդանշանի եւ Մոսկվայի հեռացման անհրաժեշտության մասին, իսկ մյուսները նշում են, որ Մեծ Ութնյակը իրականում միակ ֆորմատն է, որտեղ Արեւմուտքի երկրները կարող են անմիջականորեն խոսել Ռուսաստանի հետ: «Արժե՞ արդյոք զոհաբերել այսպիսի հարթակը»,- ասել է Շրայտերը ARD հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
Միեւնույն ժամանակ, Գերմանիայի կանցլերը կոչ է արել Պուտինին հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:
Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված տեղադրված տեղեկության համաձայն, կողմերը պայմանավորվել են շարունակել կոնսուլտացիաները, ինչպես երկկողմ (արտաքին գործերի գերատեսչական խողովակներով), այնպես էլ բազմակողմ ֆորմատներով՝ նպատակ ունենալով աջակցել Ուկրաինայի հասարակական-քաղաքական իրավիճակի կայունացմանը:



























