Վլադիմիր Պուտինը լավ է հասկանում, որ Ուկրաինային պատերազմ հայտարարելով` ինքը պատերազմ է հայտարարում նաեւ ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային: Այս մասին Ուկրաինայի ժողովրդին հասցեագրված ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն: Նա վստահ է, որ Ռուսաստանը չափը չի անցնի, «իսկ եթե անցնի էլ, հաստատ կպարտվի»: Տիմոշենկոն հանգստություն պահպանելու կոչ է արել:
Ըստ նրա` Ուկրաինան պետք է անմիջապես «դառնա արեւմտյան ժողովրդավարական հանրության լիիրավ անդամ. դա հուսալի պաշտպանություն կլինի ռուսական ագրեսորից»: «Այդ պատճառով էլ մենք պետք է Եվրոպայի մաս դառնանք` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելով», -նշել է նա:
Տիմոշենկոն ուկրաինացիներին նաեւ կոչ է արել «ոչ մի դեպքում չաջակցել արեւելյան մարզերի եւ Ղրիմի կեղծ ցույցերին, քանի որ դրանք այսօր ագրեսորի զենքն են»: Տիմոշենկոն ընդգծել է, որ «այդ կեղծ ցույցերը կազմակերպում են ՌԴ-ի հատուկ ծառայությունները»:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին ՌԴ Դաշնային խորհուրդը միաձայն կողմ էր քվեարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Ուկրաինայում ռուսական զինված ուժերն օգտագործելու նախաձեռնությանը:



























