Չինաստանն անհանգստացած է Ուկրաինայում ստեղծված իրավիճակով եւ շահագրգիռ կողմերին կոչ է անում տարաձայնությունները լուծել երկխոսության եւ բանակցությունների միջոցով, միջազգային օրենքների հիման վրա` տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար: «Սինհուա» գործակալությունը հաղորդում է, որ այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ցին Գանը: Ըստ նրա` չինական կողմը ուշադիր հետեւելու է Ուկրաինայում իրադարձությունների զարգացման ընթացքին:
«Մենք խիստ դատապարտում ենք վերջին օրերին Ուկրաինայում տեղի ունեցած բռնության գործողությունները», - նշել է Ցին Գանը` հավելելով, որ Չինաստանը միշտ Ուկրաինայի շահագրգիռ կողմերին կոչ է արել ներքին տարաձայնությունները լուծել օրենքի շրջանակներում, պաշտպանել Ուկրաինայի ժողովրդի օրինական շահերը եւ արագ վերականգնել սոցիալական կարգուկանոնը: Չինաստանը վաղուց հավատարիմ է ներքին գործերին չխառնվելու սկզբունքին, հարգում է Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նշել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին ՌԴ Դաշնային խորհուրդը միաձայն կողմ էր քվեարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Ուկրաինայում ռուսական զինված ուժերն օգտագործելու նախաձեռնությանը:




























