Ղրիմի Բելբեկում ռուս զինվորականները ուկրաինացի զինվորների վրա լուսաձայնային ռումբեր են նետել եւ գրավել  Ուկրաինայի 4515 զորամասի գրեթե ողջ տարածքը:

 Ըստ 4515 զորամասի զինվոր Ռոման Բերեգովոյի` ռուս զինվորականները Ղրիմում հայտնվել էին երեք օր առաջ:  Նրանք զորամասը գրավել էին աստիճանաբար. Սկզբում շենքը` պատվիրակության սպասարկման դահլիճով հանդերձ, իսկ հետո` այն հաստատությունը, որտեղ գտնվում էին օդանավերը, եւ պահակախումբը:

Զինանոցի վրա նրանք հարձակվել էին լուսաձայնային ռումբերով: Ուկրաինացի զինվորականները չեն պատասխանել հարձակմանը, քանի որ  «վերեւից« մարտի բռնվելու եւ սադրանքներին պատասխանելու հրաման չունեն: Այդ պատճառով էլ մարտկիները հանձնել են զինանոցը եւ վայր դրել զենքերը, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»:

«Նրանք գրավել են գրեթե ողջ զորամասը: Մնացել են միայն վարչական շենքն ու դրոշը: Մենք հիմա դրանք էլ պաշտպանում ենք», - ասել է Բերեգովոյը եւ ընդգծել, որ զորամասի հրամանատարը եւ ողջ զորամասը պատրաստ են պայքարել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ըստ Ուկրաինայի լրատվամիջոցների, ռուս զինվորականները գրավել էին «Բելբեկ» օդանավակայանը: