Աֆղանստանի պատերազմը Արեւմուտքի շահերից էր բխում: Այս մասին հայտնել է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը` Washington Post թերթի հետ հարցազրույցում:
«Այդ պատերազմում զոհվում էին աֆղանցիները, սակայն դա մեր պատերազմը չէր», - հայտնել է Քարզայը: Ըստ նրա` երկրում ռազմական գործողություններն իրականացվում էին «հանուն ԱՄՆ-եւ անվտանգության եւ Արեւմուտքի շահերի»:
Քարզայը նշել է, որ չի կարող միանշանակ գնահատել իր երկրում օտարերկրյա զորքերի ռազմական գործողությունները:
Աֆղանստանի նախագահը հաստատել է, որ մտադիր չէ ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրել, ըստ որի` ամերիկյան զորքերն Աֆղանստանում կմնան 2014 թ.-ից հետո:
«Իմ դիրքորոշումը նույնն է. ես չեմ կարող ստորագրել այդ համաձայնագիրն ԱՄՆ-ի հետ` առանց խաղաղ գործընթացի մեկնարկի», - հայտարարել է Քարզայը եւ նշել, որ ամերիկացիների համար «լավ կլինի, եթե նրանք այն ստորագրեն իմ իրավահաջորդի հետ»:
Նշենք, որ փետրվարի 25-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Քարզային հեռախոսով հայտնել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է զորքերն ամբողջությամբ դուրս բերել Աֆղանստանից` երկրի ղեկավարության կողմից անվտանգության համաձայնագիր ստորագրելու ցանկության բացակայության պատճառով: Միեւնույն ժամանակ, եթե համաձայնագիրն ստորագրվի, Վաշինգթոնը պատրաստ է երկրում թողնել խորհրդատուների եւ հրահանգիչների «սահմանափակ առաքելություն», որոնք կօգնեն Աֆղանստանի բանակին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:




























