Ուկրաինայում անկայունությունը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար: Այս մասին հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:
«Աշխարհը հակամարտության շեմին է, որի հետեւանքները դեռ չի գիտակցում: Եվրոպայում ոչ բոլորն են հասկանում, թե ինչ է կատարվում», — ասել է Տուսկը ճեպազրույցի ժամանակ:
Լեհաստանի վարչապետն ընդգծել է, որ Ուկրաինան միջազգային լիարժեք աջակցության է արժանի: «Այսօր ուկրաինացիները պետք է իմանան, որ իրենք իսկական ընկերներ ունեն», — հայտարարել է լեհ վարչապետը:
Ըստ նրա` Ուկրաինայի իրադարձությունները յուրօրինակ քննություն են, որն ազդելու է ժողովուրդների եւ պետությունների միջեւ հարաբերությունների վրա` հետագա տասնամյակների ընթացքում:
Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին էլ հայտնել է, որ մարտի 3-ի առավոտյան տեղի կունենա երկրի Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ` նվիրված Ուկրաինային:
Կոմորովսկին նշել է, որ Ուկրաինայի տարածքում ռուսական բանակի հնարավոր հայտնվելը լեհերի մոտ Լեհաստանի անվտանգության սպառնալիքի զգացողություն է առաջացնում, հայտնում է rosbalt.ru-ն` վկայակոչելով «Ազատություն» ռադիոն:




























