Թուրքիայում նախարարների եւ նրանց որդիների մասնակցությամբ կոռուպցիոն խոշոր սկանդալները շարունակում են նվազեցնել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարկանիշը՝ մոտեցող մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններից առաջ։
Թուրքական իշխանամետ լրատվամիջոցները ներկայացրել են «Գեզիջի» հետազոտական ընկերության սոցհարցումներն իրականացված 63 հազար քաղաքացու շրջանում։ Հարցումներն արվել են 2014-ի փետրվարի 1-ից 16-ը, այսինքն, դեռ այդ ժամանակ ինտերնետում չէր հայտնվել Էրդողանի եւ որդու հեռախոսազրույցը 1 մլրդ-ի մասին։
Նույնիսկ այս հարցումներով՝ իշխող կուսակցության քվեները շարունակում են դանդաղ անկումը։
Ադանայում հարցվածների 34,5 տոկոսը նախընտրել է իր ձայն տալ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությանը, իսկ իշխող կուսակցությանը ձայն տալ ցանկացողները կազմել են հարցվածների 29,2 տոկոսը։
Անկարայում իշխող կուսակցության քվեները եւս պակասել են՝ 45-ից իջնելով 36,2-ի։ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը՝ 31,4, «Ազգայնական շարժում» կուսակցությանը՝ 28,4 տոկոս ձայն են պատրաստ տալ Անկարայի քաղաքացիները։
Անթալիայում իշխող կուսակցությանը պատրաստ են ձայն տալ հարցվածների 38,5 տոկոսը, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետականին»՝ 35,8 տոկոսը։
Այդըն քաղաքում իշխող կուսակցության քվեները կազմել են 18,7 տոկոս, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը՝ 64,2 տոկոս։
Դիարբեքիրում առաջատարը քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունն է՝ 44,2 տոկոս, իսկ իշխող կուսակցությանը պատրաստ է ձայն տալ հարցվածների 40.8 տոկոսը։
Ստամբուլում առաջատարը իշխող կուսակցությունն է՝ 47 տոկոս ձայներով, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետականը» 2-րդ տեղում է՝ 40 տոկոսով։
Իզմիրում առաջատարը ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետականն» ՝ 43,2 տոկոսով, իսկ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը 2-րդ տեղում է՝ 39,5 տոկոս ձայներով։




























