ՆԱՏՕ-ի խորհուրդը կոչ է արել Ռուսաստանին ու Ուկրաինային երկրում տիրող իրավիճակը կարգավորել ու ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի միջազգային միջնորդներին ուղարկել այնտեղ: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարԱնդերս Ֆոգ Ռասմուսենը:

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի խորհուրդը «անհանգստություն է հայտնել ռուսական խորհրդարանի՝ Ուկրաինայի տարածք զորքեր մտցնելու որոշման կապակցությամբ»:

«Կոչ ենք անում Ռուսաստանին նվազեցնել լարվածությունն ու ապահովել բոլոր միջազգային պարտականությունների իրականացումը, զորքերը ռազմակայաններ վերադարձնել ու հրաժարվել միջամտության գաղափարից»,-հայտարարել է Ռասմուսենը:

Հայտարարությունն արվել է ՆԱՏՕ-ի շտապ նիստից հետո: Ավելի վաղ Ուկրաինան դիմել էր դաշինքին՝ օգնություն խնդրելով: