«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը «շվարած» է հեռացել մարտի 1-ին Ազատության հրապարակում կայացած ՀԱԿ-ի հանրահավաքից:
«Հանրահավաքից հետո շվարած եմ դուրս եկել: Ավելի շվարեցի` ինքս ինձ հարց տալով` ինչ պիտի լինի մեր վաղվա օրը»,- այսօր` մարտի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անահիտ Բախշյանը:
Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին` «Ժառանգության» անդամը նշեց, որ առաջին նախագահի խոսքերն ավելի մեծ հարցեր առաջացրին:
«Օրինակ` Ծառուկյանին Իվանիշվիլիի հետ համեմատելը: Սոցկայքերն արդեն խոսել են տարբերությունների մասին, ես միայն մի բան կասեմ. Խոսվում է, որ Գագիկ Ծառուկյանի թիկնապահները մասնակցել են 2008թ. մարտի մեկի խժդժություններին: Այսքանը կասեմ միայն»,- ասաց նա:
Իր հերթին Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից զարմացրել է միայն Մաքսային միությանն անդամակցելու մասին դրական կարծիք հայտնելը:
«Նախ նշեմ, որ հանրահավաքին չեմ մասնակցել, քանի որ հենց սկզբից էլ համոզված էի, որ միտինգը ոչինչ չէր տա: Իսկ ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, ավելացնեմ, որ ինձ զարմացրել է միայն Մաքսային միությանը միանալու մասին դրական խոսելը, որովհետեւ նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը 90-ականներին դեմ էր Մաքսային միությանն անդամակցելուն»,- ավելացրեց Պաշտպանության նախկին փոխնախարարն ու հավալել. «Դեռ 1993-94 թվականներին քննարկվել է Մաքսային միության խնդիրը, դեռ Երջանիկ Աբգարյանը (այդ տարիներին նա Քաղավիացիայի գլխավոր վարչության ղեկավարն եղել-խմբ) գնացել է ու մերժել այդ միությունը, քանի որ սահման չունենք ՌԴ-ի հետ»:
Հիշեցնենք, որ մարտի մեկին կայացած հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները տարակուսանք էին առաջացրել հասարակության շրջանում, մասնավորապես ելույթի հետեւյալ հատվածը. «Արմատական փոփոխությունների իրականացման մտքին աստիճանաբար հակվում են նաեւ պետական ապարատի որոշ շերտեր, ինչպես նաեւ խոշոր գործարարների առանձին ներկայացուցիչներ, որոնց այս կամ այն չափի մասնակցությունը համաժողովրդական պայքարին կարող է վճռական դեր խաղալ իշխանափոխության գործընթացում, ինչպես դա տեղի ունեցավ, ասենք, Վրաստանում եւ Ուկրաինայում։ Այս առումով սիմպտոմատիկ պետք է համարել ԲՀԿ վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված պատգամները։ Թերահավատության անխուսափելի արձագանքներին միանգամից հակադարձեմ. ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլիից (ում հաջողվեց, շնորհիվ նաեւ Սահակաշվիլիի խոհեմության, փափուկ իշխանափոխություն իրականացնել) կամ Ռենատ Ախմետովից ու Սերգեյ Տիգիպկոյից (ովքեր Յանուկովիչին թույլ չտվեցին արտակարգ դրություն հայտարարել Կիեւում)»։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























