«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը վախենում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվության հետեւում կանգնած է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին այսօր` մարտի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անահիտ Բախշյանը` անդրադառնալով «ԲՀԿ»-ի` այլընտրանք լինելու մասին հայտարարություններին:
««ԲՀԿ»-ն լրիվ այլ տեսակ է հանդես գալիս, Հռոմի պապից ավելի կաթոլիկ: Չգիտեմ` ինչքանով է ազնիվ ԲՀԿ-ի այս կեցվածքը, արդյոք դրա հետեւում Քոչարյանի ականջները չեն երեւում: Վախն անընդհատ մեջս կա»,- ասաց նա:
Անդրադառնալով «Ժառանգություն»-«ԲՀԿ» համագործակցությանը` Բախշյանն ընդգծեց. «Խրթին հարց է: Լավ չեմ պատկերացնում «Ժառանգություն»-«ԲՀԿ» համագործակցությունը, բայց համագործակցությունը լավ բան է»:
Իր հերթին, ասուլիսին ներկա պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը նշեց, որ համախմբումը կլինի արհեստական կամ «անձնական նպատակների համար միայն»:
Նշենք, որ խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերը սկսել են համագործակցել եւ շատ հարցերի շուրջ միասնական կարծիք հայտնել: Նրանք պատրաստվում են Ազգային ժողովում բարձրացնել կառավարությանն անվստահություն հայտնելու համատեղ պահանջ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























