Ադրբեջանում շարունակում են վիրավորվել. այս անգամ «բաժին» է հասել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին:

Ամերիկացի դիվանագետը ժողովրդավարության լավագույն ավանդույթների համաձայն հակված է մեկնաբանելու իր գործողություններն ու կարծիքը Twitter-ում:

Եվ Twitter-ում նրա գրառումներից մեկն առաջացրել է ադրբեջանցի պաշտոնյաների զայրույթը: Մեկնաբանելով Ուորլիքի գրառումը՝ կապված Սումգայիթի ու Խոջալուի ջարդերի հետ, Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, որ «Twitter-ը քննարկումների համար հարթակ չէ»:

«Ես այդ ամենը չեմ կարող պարոն Ուորլիքին ասել Twitter-ում: Քանի որ այնտեղ կարելի է տեղադրել ընդամենը 120 տառերից բաղկացած հաղորդագրություն: Պարոն Ուորլիքը վերջերս է նշանակվել այդ պաշտոնում եւ պետք է ավելի լավ ծանոթանա հակամարտության մանրամասներին»,-ընդգծել է Ազիմովը: