Հարգելի «Դեմ եմ» շարժման մասնակից ՀՀ քաղաքացիներ, պայքարեք, պայքարեք մինչեւ վերջ, որովհետեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ՀՀ այսօրվա պաշտոնյաների կողմից Ձեզ կողոպտելու վաղուց փորձարկված ձեւ է: Այս մասին հայտարարություն են տարածել Ամիրյան 4-ի նախկին բնակիչները, ովքեր զրկվել են իրենց տներից: Դրանում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի ԴԵՄ ԵՄ շարժման մասնակից ՀՀ քաղաքացիներ, մեր դառը օրինակի վրա Ձեզ պետք է պարզ դառնա, որ ՀՀ այսօրվա պաշտոնյաները ինչ անում են, անում են միայն իրենց անձնական շահերից ելնելով եւ որ ՀՀ-ում չի գործում ոչ մի օրենք եւ նունիսկ պետության անունից կնքված պայմանագիրը այս պետական գործիչների համար 1 լումայի արժեք էլ չունի: Մեկ կուսակցական յուրայինի նյութական շահի համար նրանք պատրաստ են ոտնահարել ամբողջ ազգի շահը: 2005թ. ՀՀ մեզանից վերցրեց մեր սեփական տները, խոստանալով 2.5 տարի հետո տեղում կառուցվող շենքից բնակարաններ: Անցել է 9 տարի եւ ՀՀ ոչ միայն չի կատարել իր վրա վերցրած պարտավորությունները, այլեւ իր կողմից ընտրած կառուցապատողին չի պարտադրում կատարելու ՀՀ հանդեպ վերցրած պարտավորությունները եւ թքած ունի իր մեղքով փողոցում հայտնված 382 ՀՀ քաղաքացիների վրա: Այս նույն իրենց լեզվով ասած քցելու մեր վրա արդեն փորձարկված սխեման հիմա էլ կիրառում են Ձեր հանդեպ: Մեզանից քցեցին մեր տները, Ձեզանից ուզում են քցել Ձեր քրտինքով աշխատած գումարները: Հարգելի «Դեմ եմ» շարժման մասնակից ՀՀ քաղաքացիներ, պայքարեք, պայքարեք մինչեւ վերջ, որոհետեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ՀՀ այսօրվա պաշտոնյաների կողմից Ձեզ կողոպտելու վաղուց փորձարկված ձեւ է: Մենք Ձեզ հետ ենք եւ պատրաստ ենք մասնակցելու Ձեր պայքարի բոլոր դրսեւորումներին»:

Նշենք, որ Ամիրյան 4-ի նախկին բնակիչները, լինելով պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչներ, 2005թ. Ստիպված էինք Հայաստանի Հանրապետության հետ կնքել անշարժ գույքի իրացման եւ փոխհատուցման պայմանագրեր, համաձայն որի, 30 ամիս հետո, 2007 թ., պետք է իրենց տների տեղում կառուցվող շենքից ստանայինք բնակարաններ։ Քաղաքապետարանի եւ կառուցապատողի միջեւ 2004թ. հուլիսի 23-ին կնքված պայմանագրով շենքի շինարարության վերջնաժամկետն էր 2007թ. հունիսի 1-ը (Քաղաքապետարանի եւ կառուցապատողի միջեւ 2004թ. հուլիսի 23-ին կնքած պայմանագիր, էջ 2), սակայն 2008թ. միայն շենքի նախագիծն է հաստատվել։

«2011–2012 թ.թ. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները օգտագործելով իրենց քմահաճույքներին հնազանդ ֆինանսների նախարարությանը եւ ՀՀ դատարանները, խախտելով ՀՀ օրենքները մեր՝ 23 ընտանիքների եւ 65 ընտանիք Ամիրյան 4 շենքից բնակարան գնողների վզին փաթաթեցին անժամկետ պայմանագրեր: Այսպիսով ք. Երեւան,Ամիրյան 4 շենքի շինարարության ավարտը թողնելով առանց մրցույթի Երեւանի նախկին քաղաքապետ Ե.Զաքարյանի կողմից ընտրված կառուցապատողի ժառանգի քմահաճույքին: Համաշխարհային իրավաբանության մեջ անժամկետ պայմանագիրը մի չտեսնված եւ չլսված բան է: Սա ՀՀ իրավաբանական մտքի նորամուծությունն է համաշխարհային իրավագիտության մեջ: Վերջին 4 տարվա ընթացքում բազմիցս դիմել ենք ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, քաղաքապետին: Ապարդյուն: Ըստ երեւույթին հենց այդ պարոնների ցուցումով էլ ոտնահարվում է 88 ընտանիքների, 382 մարդու Սահմանադրական իրավունքը (հոդված 31), ՀՀ օրենքները եւ ՀՀ անունից կառուցապատողի հետ 2004թ. հուլիսի 23-ին կնքած պայմանագիրը»,- իրենց հայտարարության մեջ նշել են բնակիչները: