Հայաստանում այսօրվա դրությամբ 2008-ի մարտի 1-ի դեպքերի կրկնության համար պայմաններ չկան: Այս մասին մարտի 3-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտչյանը:
Նա վստահեցրել է, որ հայ հասարակության մեծ մասը հակված չէ հակամարտության: «Մեր ընդդիմադիր գործիչներից շատերը հակված են այնպիսի քաղաքականության, որը չի հանգեցնի արյունահեղության», - նշել է Մկրտչյանը:
Ըստ նրա` 2008 թ. մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններից հետո հայ հասարակությունը պետք է համապատասխան դասեր քաղեր եւ այնպիսի հասարակական մթնոլորտ ապահովեր, որտեղ նման բան այլեւս չկրկնվեր: «Այդ ողբերգական իրադարձությունների ամենակարեւոր դասը հետեւյալն է. մենք պետք է այնպես անենք, որպեսզի այլեւս հայի արյուն չթափվի», - ընդգծել է սոցիոլոգը՝ եւս մեկ անգամ հավելելով, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը այսօր դուրս չեն գա բողոքի ցույցերի: «Դրա համար պետք է արտակարգ պայմաններ լինեն, այսօր այդպիսի պայմաններ չկան, սակայն քաղաքացիների մոտ ցանություն կա մեր կյանքը փոփոխությունների միջոցով բարելավելու», - նշել է Արթուր Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ ուղիղ 6 տարի առաջ 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում ողբերգական դեպքեր տեղի ունեցան, խլելով 10 մարդու կյանք:
2008-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո զանգվածային բողոքի ակցիաներ տեղի ունեցան, որոնք տեւեցին 10 օր: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանությունը բռնությամբ ցրել է Ազատության հրապարակում շուրջօրյա ակցիաների մասնակցող ցուցարարներին: Մարդիկ սկսեցին հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ Մյասնիկյանի արձանի մոտ:
Մարտի 1-ի երեկոյան իշխանությունները զենք կիրառեցին ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով 10 մարդ զոհվեց, այդ թվում 2 զինծառայողներ: Զոհերն էին Տիգրան Աբգարյանը, Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը, Դավիթ Պետրոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը, Գրիգոր Գեւորգյանը եւ Համլետ Թադեւոսյանը:
Երեւանում 20 օրով հայտարարվեց արտակարգ դրություն, ձերբակալվեցին ընդդիմության 100-ավոր անդամներ: Իշխանությունները տեղի ունեցածը համարեցին զանգվածային անկարգություններ:




























