Ուկրաինական ընդդիմությունը Յանուկովիչի հետ փետրվարի 21-ին կնքված համաձայնագրից ոչ մի կետ չի կատարել, եւ ազգային միասնականության կառավարության փոխարեն երկրում «հաղթողների կառավարություն» է ձեւավորվել:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 25-րդ նստաշրջանում:
«Անկարգություններից եւ ամենաթողությունից գրեթե երեք ամիս անց՝ փետրվարի 21-ին, համաձայնություն էր ձեռք բերվել Ուկրաինայի նախագահի եւ ընդդիմության միջեւ, որի տակ ստորագրել էին նաեւ Գերմանիայի, Լեհաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները: Նա նշել է, որ «իշխանությունները հրաժարվեցին արտակարգ դրության կիրառումից, իրավապահներին հեռացրին փողոցներից»:
«Ընդդիմությունը ոչինչ չարեց: Ապօրինի զենքը չհանձնվեց, Կիեւի հասարակական շինություններն ու փողոցներն ամբողջությամբ ազատագրված չեն, արմատականները շարունակում են վերահսկել քաղաքները», - ընդգծել է նախարարը: Ըստ նրա՝ խոստացված ազգային միասնականության կառավարության փոխարեն երկրում «հաղթողների կառավարություն» է ձեւավորվել:
«Վիճարկելով օրինական իշխանության լեգիտիմ գործողությունները` մեր որոշ արեւմտյան գործընկերներ աջակցել են հակակառավարական ելույթները, ոգեւորել դրանց մասնակիցներին, որոնք անցել էին հարձակողական գործողությունների», - ասել է նախարարը:
Նա նշել է, որ «գրավել ու հրդեհել են վարչական շենքեր, հարձակվել են ոստիկանության վրա, կողոպտել են զենքի պահեստներ, շրջաններում ծաղր ու ծանակի են ենթարկել պաշտոնատար անձանց, կոպտորեն խառնվել են եկեղեցու գործերին»:
«Կիեւի կենտրոնը եւ Ուկրաինայի արեւմուտքում գտնվող շատ քաղաքներ գրավել են զինված ազգային արմատական տրամադրություն ունեցող մարդիկ՝ ծայրահեղական, հակառուսական եւ հակասեմական կարգախոսներով»,-ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը:
«Ուկրաինայի Գերագույն Ռադան որոշումներ է կայացրել, որոնցով սահմանափակել է լեզվական փոքրամասնությունների իրավունքները, պաշտոնանկ է արել Սահմանադրական դատարանի դատավորներին եւ պահանջում է քրեական գործեր հարուցել նրանց դեմ: Հնչում են պահանջներ՝ սահմանափակել, անգամ պատժելի դարձնել ռուսերենի օգտագործումը, արգելել ոչ ցանկալի կուսակցությունները, լյուստրացիա իրականացնել»,-ասել է Լավրովն ու հավելել. «Այսինքն «հաղթողները» մտադիր են քաղել իրենց հաղթանակի պտուղները՝ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների դեմ հարձակումների համար»,-ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:



























