Երեւանում ասֆալտապատման աշխատանքներում նկատված թերությունները վերացնելու համար պետք է կազմել հստակ ժամանակացույց եւ սեղմ ժամկետում նույն շինարարների միջոցներով վերացնել դրանք: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Կապալառու կազմակերպությունները, համաձայն պայմանագրի, պարտավոր են ապահովել իրենց կողմից ասֆալտապատված ճանապարհների սպասարկումը: Յուրաքանչյուր տարի պետք է գույքագրել նկատված թերությունները եւ ներկայացնել համապատասխան կազմակերպություն՝ սեփական միջոցների հաշվին դրանք վերացնելու համար: Նշված աշխատանքների իրականացման, դրանց ծավալների, ինչպես նաեւ նախորդ տարիներին կատարված աշխատանքների մասին պարբերաբար պետք է իրազեկել հանրությանը, որպեսզի բոլորն իմանան, որ տվյալ աշխատանքներն իրականացվում են բացառապես կապալառու կազմակերպությունների միջոցների հաշվին»,-ընդգծել է Նա:

Հաշվի առնելով տաքսիների վարորդների շահերը պաշտպանող կազմակերպության հետ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին եւ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում տաքսիների նոր կայանատեղերի ստեղծման հնարավոր վայրերի վերաբերյալ: 

Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջանների ստորգետնյա անցումներում իրականացվող առեւտրի կանոնակարգման աշխատանքների շրջանակում հայտնաբերվել է ապօրինի առեւտրի 2 դեպք, որոնց մասով ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ եւ կանխվել հետագա գործունեությունը: