ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը փաստացի հերքել է Ադրբեջանի մեղադրանքները հայկական կողմի հասցեին՝ կապված սիրիահայ փախստականներին Լեռնային Ղարաբաղում վերաբնակեցնելու հետ:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին ապա մենք տեղեկություններ չունենք այն մասին, որ այստեղ դիտվում է սիրիահայ ընտանիքների ներհոսք: Կարելի է ենթադրել, որ եթե անգամ եղել են վերաբնակեցման դեպքեր, ապա հազիվ թե դրանք զանգվածային բնույթ կրեին»,-հայտարարել է միջնորդը՝ ԱՊԱ-ին տված հարցազրույցում:
Պատասխանելով այն հարցին, որ ավելի վաղ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը խոսել է այդ մասին՝ նշելով, որ փախստականների հարցերով ԱՄՆ Գերագույն հանձնակատարն ու միջնորդները քննարկել են սիրիահայ փախստականների վերաբնակեցման հարցը՝ Իգոր Պոպովը հայտարարել է, որ համաձայն է ամերիկացի գործընկերոջ հետ, ով սիրիահայերի խնդիրը դիտարկում է շատ ավելի լայն համատեքստում. «Այդ երկրում շարունակական հակամարտությունը հանգեցրել է ավելի քան երկու միլիոն փախստականների տարածմանը: Նրանցից շատերը տարածաշրջանի մյուս երկրներում են: Այդ մասին խոսք է գնացել Սիրիայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ՝ վերջերս ընդունված բանաձեւում»:




























