Հյուսիսային պողոտայում ընթացող բարեկարգման աշխատանքներն իրականացվում բացառապես գործընկեր մասնավոր ընկերության միջոցների հաշվին եւ համայնքային բյուջեից այդ նպատակով որեւէ ծախս չի կատարվում: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Պողոտայում ընթացող աշխատանքները քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության հերթական օրինակներից մեկն է: Ի դեպ նման համագործակցության օրինակներ էլի ունենք, եւ մեր համաքաղաքացիները շուտով նաեւ դրանց մասին կտեղեկանան»,-ընդգծել է քաղաքապետը:
Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ քաղաքապետը հանձնարարել է տոնական տարատեսակ միջոցառումներ կազմակերպել վարչական բոլոր շրջաններում:
Հանձնարարվել է նաեւ նախապատրաստական աշխատանքներ տանել մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում արդեն ավանդական դարձած «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության մեկամսյակի կազմակերպման եւ անցկացման ուղղությամբ՝ ծրագրում ներգրավելով նաեւ մասնավոր բուժհաստատություններին:



























