Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը Հայաստանի ընդդիմադիր ուժերին առաջարկում է ստվերային կառավարության ձեւավորել:

Նա հայտարարություն է տարծել, որտեղ, մասնավորապես ասվում է.

«Հայաստանի շուրջ թանձրանում է պատերազմական ժայթքումներով հղի մթնոլորտը:

Ձեւավորվող նոր աշխարհաքաղաքական պայմանները մեզ համար լուրջ մարտահրավերներ են պարունակում, ինչը նշանակում է, որ երկրի կառավարումը ցանկացած պահի կարող է անհրաժեշտաբար անցնել արտակարգ իրավիճակում գործելու ռեժիմի: Արտակարգ պայմաններում երկրի կառավարման արդյունավետությունը ոչ միայն կախված է կառավարիչների անձնական կամային, մասնագիտական ու բարոյահոգեբանական որակներից, այլեւ նրանից, թե երկրի քաղաքացիները որչափ են իրենց վստահում եւ որքանով են պատրաստ կատարել իշխանության կողմից իրենց ներկայացվող պահանջներն ու աջակցել կառավարիչների նախաձեռնած միջոցների իրականացմանը: Այսինքն՝ արտաքին մարտահրավերներին հնարավորինս արդյունավետորեն դիմակայելու համար երկրի կառավարիչները պետք է մասնագիտորեն հմուտ լինեն ու վայելեն համաքաղաքացիների լիարժեք վստահությունն ու աջակցությունը:

Իմաստ չեմ տեսնում այժմ այստեղ քննարկել Հայաստանի այսօրվա կառավարիչների մասնագիտական մակարդակը՝ այստեղ հնարավոր է եւ տարընթերցումներ լինեն: Շատ ավելի կարեւոր է այն, որ իշխանությունը չի վայելում սեփական քաղաքացիների բացարձակ մեծամասնության վստահությունն, ինչն արտաքին աշխարհից եկող վտանգների հանդեպ մեզ դարձնում է անպաշտպան ու խոցելի: Թերեւս պահն է եկել, երբ ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է նախաձեռնեն երկրի դիմադրողականությունն ապահովող կանխարգելիչ քայլեր: Այս համատեքստում կարող է օգտակար լինել ընդդիմադիրների կողմից ստվերային կառավարության ձեւավորումը: Բնականաբար, ստվերային կառավարություն ասելով, նկատի չունեմ ընդհատակում գործող մի ինչ-որ գաղտնի կառույց՝ ընդդիմադիրները պարզապես պետք է գործող իշխանության տապալման պարագայում երկրի կառավարման ղեկը վերցնելու առարկայական եւ անձնավորված հայտ ներկայացնեն հանրությանը եւ ցույց տան, որ ունակ են ազգային համաձայնության կառավարություն ձեւավորել ու ստանձնել երկրի համար պատասխանատվությունը: Պարզ է, որ այդ ստվերային կառավարության անդամները պետք է հայտնի լինեն իրենց մասնագիտական ու բարոյական արժանիքներով: Սա այն նվազագույնն է, ինչը հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է նախաձեռնեն գալիք հնարավոր փորձություններին ընդառաջ՝ նաեւ այդպիսով հավաստելով սեփական գործունակությունը: