«Արաբկիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի մանկաբույժներ Լիլիթ Վ.- ն եւ Զարինե Ա.-ն մեղադրվում են դեկտեմբերի 31-ին հիվանդանոցում փոքրիկ Լիա Միսակյանի մահվան մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերի 31-ին: Դեղորայքն ընդունելուց հետո փոքրիկ Լիան իրեն լավ էր զգացել, սակայն մեկ օր անց վիճակը վատթարացել էր, եւ վերջինս մահացել էր:

28-ամյա Լիլիթին եւ Զարինեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով, իսկ որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա մարտի 6-ին:

Հիշեցնենք, որ 2 տարեկան Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին: Սկզբում, դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ էր զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել է եւ աղջնակը մահացել է: Երեխայի հայր Գեորգի Միսակյանը կարծում է, որ դստեր մահվան պատճառը բժիշկների անփութությունն է եղել: Հոր պնդմամբ՝ բավարար ուշադրություն չեն դարձրել երեխայի վրա, ժամանակին ճիշտ ախտորոշում չի տրվել: Եթե երեխան հենց առաջին օրվանից լիներ բժիշկների հսկողության ներքո, ժամանակին քայլեր ձեռնարկվեին, ոչ թե ամեն թողնվեր ինքնահոսի, ողբերգությունը տեղի չէր ունենա, վստահ է Գեորգի Միսակյանը: