«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խստորեն դատապարտում է ռուսական զինված ուժերի ներխուժումն անկախ Ուկրաինայի տարածք: Այս մասին նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

«Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում յուրաքանչյուր ժողովուրդ ազատ ինքնորոշման եւ ազատ կամարտահայտման իրավունք ունի, քանզի  դա է պետությունների եւ ազգերի խաղաղ գոյակցության եւ բեղմնավոր համագործակցության հիմնական նախապայմանը եւ միեւնույն ժամանակ՝ ամենահզոր երաշխիքը:

Միջազգային իրավունքի նորմերի նման կոպիտ խախտումը հղի է անկանխատեսելի հետեւանքներով, որոնց կիզակետում կհայտնվեն ոչ միայն Ռուսաստանն ու Ուկրաինան, այլեւ բազմաթիվ այլ ազգեր եւ պետություններ:

«Ազատ դեմոկրատները» համարում են, որ ցանկացած ժողովրդավարական կառույց պարտավոր է իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանել Ուկրաինայի ազատ քաղաքացիների ժողովրդավարական ընտրությունը»,-ասված է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հայտարարությունում: