Ռուսաստանն իր զորքերը չի մտցնի Ուկրաինա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է վրացի քաղաքագետ Ռամազ Սակվարելիձեն:
Ըստ նրա՝ այն, ինչ տեղի է ունենում այսօրա դրությամբ, արվում է այն կոնտինգենտի հաշվին, որը այսպես թե այնպես այնտեղ էր: «Ինչ վերաբերում է նոր զորքեր մտցնելուն, ապա Ռուսաստանը, երեւի, նոր ուժեր մտցնելու կարիք չունի, քանի որ Ղրիմը, փաստացի, նրա ձեռքում է: Սակայն օկուպացիայի այդ ռեժիմը շարունակել Ռուսաստանի համար դժվար կլինի միջազգային հանրության արձագանքի պատճառով»,-ընդգծել է Սակվարելիձեն:
Անդրադառնալով Ուկրաինայի հետագա ճակատագրին՝ վրացի փորձագետը կարծիք է հայտնել, որ կողմերը պայմանավորվել են դաշնային պետության ստեղծման մասին, որտեղ ղրիմցիների շահերը պաշտպանելու են սեփական իշխանությունները՝ ուկրաինական պետության շրջանակներում:




























