Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում, մարտի 2-ին Բաթումի ավագանու, բաթումահայության, վրաց հասարակայնության ներկայացուցիչների առջեւ Աջարիայի հոգեւոր առաջնորդ Արարատ քահանա Գումբալյանի կողմից անցկացվեց  ոգեկոչման կարգ, որից հետո եկեղեցու բակում գտնվող խաչքարի առջեւ տեղի ունեցավ ծաղկեփնջերի զետեղման արարողություն՝ ի հիշատակ Սումգայիթյան ջարդերի տասնյակ անմեղ զոհերին:

Իր ելույթում Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը պատմեց  26 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության մանրամասները՝ շեշտելով, որ այդ սարսափելի ոճրագործության մեղավորները ցայսօր ոչ միայն չեն պատժվել, այլեւ  հռչակվել են Ադրբեջանի հերոսներ, ինչը կրկնվել է նաեւ մեր օրերում, երբ Բուդապեշտում  հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած վիճակում դաժանաբար սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը նույնպես հերոսացվեց: