Հայաստանի պետական մարմինները հասարակությանն արդեն քիչ ինֆորմացիա չեն տվել գազի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է գազի վերաբերյալ ժաանակավոր հանձնաժողովի անդամ, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

«Թե հանրային ծառայությունների կարգավորման հարցերով հանձնաժողովը, թե մյուս պետական մարմինները արդեն քիչ բան չեն ներկայացրել: Մենք առայժմ հավելելու բան չունենք, հանձնաժողովը նոր-նոր է սկսել իր աշխատանքները»,-ընդգծել է Այվազյանը: Ըստ նրա՝ հանձնաժողովի հաջորդ նիստը կարող է կայանալ արդեն այս շաբաթ: «Հետո կհավաքվենք ըստ անհրաժեշտության»,-ընդգծել է Այվազյանը:

Այսօր հանձնաժողովն առաջին նիստն է անցկացրել: Դրա կազմում չորս պատգամավորներ են ՀՀԿ-ից, երկուսը՝ ԲՀԿ-ից, մեկական՝ ՀԱԿ-ից, ՀՅԴ-ից, «Ժառանգությունից» եւ «Օրինաց երկրից»: Հանձնաժողովի գաղափարն առաջ է քաշել ընդդիմությունը: