Երեւանի Գյուլբենկյան փողոցի 77-ամյա բնակիչ Մակար Մ.-ն մեղադրվում է հարեւանուհուն՝ Կարինե Ա.-ին բռունցքով հարվածելու եւ ապտակելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Մակար Մ.-ն, վիճելով հարեւանուհու՝ Կարինե Ա.-ի հետ, բռունցքով մեկ անգամ հարվածել է վերջինիս շրթունքին եւ երկու անգամ էլ ապտակել՝ պատճառելով առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

77-ամյա Մակարին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը կկայանա մարտի 6-ին: