Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման հույս ունի, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Չինաստանը կկատարեն «Բուդապեշտի հուշագրի» շրջանակներում ստանձնած պարտավորությունները՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորման ուղղությամբ: Նա նաեւ դիմել է Արեւելյան Ուկրաինայի բնակիչներին՝ կոչ անելով թույլ չտալ երկրի պառակտումը: Այդ մասին ասվում է Լեոնիդ Կուչմայի «Ուկրաինա» հիմնադրամի հրապարակած հայտարարության մեջ:

«Այսօր ես հատուկ պատասխանատվություն են զգում երկրի ճակատագրի համար ոչ միայն որպես պետության նախկին ղեկավար, այլեւ Ուկրաինայի նախագահ, ով ստորագրել է Բուդապեշտի հուշագիրը 1994թ.: Հույս ունեմ, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Չինաստանը, որոնք մեր երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու երաշխիք են տվել, հավատարիմ կմնան իրենց պարտավորություններին: Ես նաեւ հույս ունեմ, որ Ռուսաստանի Դաշնությունը կպահի իր պարտավորությունները, որոնք շարադրված են Ուկրաինայի հետ 1997թ. կնքված «Մեծ պայմանագրում»»,- գրել է Կուչման: