Պատգամավորական ժամանակավոր հանձնաժողովը կքննարկի Հայաստանում գազի հետ կապված խնդիրների հիմնական կողմերը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր, տնտեսական հարցերով հանձնաժողովի եւ գազի հարցերով պատգամավորական ժամանակավոր հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
«Հանձնաժողովն արդեն կազմել է այն խնդիրների ցուցակը, որոնք մենք պետք է ուսումնասիրենք: Բաժանել ենք 7 կետի: Առաջին նիստում մենք քննարկել ենք այդ եւ այլ կազմակերպչական հարցեր: Մանրամասները կներկայացնենք հետո՝ կախված հանձնաժողովի աշխատանքից»,- նշել է Մելքումյանը:
Այսօր հանձնաժողովի առաջին նիստն է կայացել: Կազմում ՀՀԿ 4 պատգամավոր են ընդգրկվել, «Բարգավաճ Հայաստանից» 2 պատգամավոր եւ մեկական պատգամավոր ՀԱԿ-ից, ՀՅԴ-ից, «Ժառանգությունից» եւ «Օրինաց երկրից»: Հանձնաժողովի գաղափարն առաջ է քաշել ընդդիմությունը: Հանձնաժողովի աշխատանքների երկու հիմնական ուղղությունները կլինեն Ռուսաստանի հետ համաձայնության ուսումնասիրումը «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ գազի պարտքի դիմաց, ինչպես նաեւ գազի գնագոյացումը Հայաստանի ներսում:




























