Լոռու մարզի Ստեփանավանի բնակիչ Ղուկաս Անդրեասյանը գողություն է կատարել ոսկյա զարդերի խանութից, բենզալցակայանից եւ բնակարանից, վերջին երկու գողությունը՝ նույն գյուղի բնակիչ Լեւոն Չոբանյանի եւ Սասուն Դուվենջյանի հետ:

Ոստիկանությունը հաղորդում է, որ Ղուկաս Անդրեասյանը, Լեւոն Չոբանյանը եւ Սասուն Դուվենջյանը հունվարի 25-ին Բաղրամյան 180 հասցեում գործող բենզալցակայանից գողացել են 90 000 դրամ, բենզինի 20 լիտրանոց հինգ կտրոն եւ աշխատակցի հեռախոսը:

«Լուսամուտը թակեց մեկը, ասեց՝ բենզին եմ ուզում, դուռը բացեցի, որ դուրս գամ, ինձ հրեց ներս: Երկու հոգի էլ ուրիշ կողմից եկան, դանակ ա եղել մոտները ու զենք են պահել, չգիտեմ՝ իսկական թե խաղալիք, չեմ կարա ասեմ: Ասեցին՝ փողերր հանի, շուտ արա, տվել եմ պահարանի բանալին, ասել եմ՝ էս բանալին, էս սեյֆը: Միայն մեկի դեմքն եմ տեսել»,- պատմել է բենզալցակայանի աշխատակիցը:

Ըստ ոստիկանության, Ղուկաս Անդրեասյանը փետրվարի 10-ին էլ կոտրել է Ստեփանավանի խանութներից մեկի ապակյա դուռը եւ ոսկյա իրեր գողացել: 

Ոստիկանության Ստեփանավանի բաժին բերման ենթարկվելուց հետո, մեղադրյալը դիմել է փախուստի. խնդրել է իրեն տեղափոխել շենքի բակում գտնվող զուգարան՝ բնական կարիքները հոգալու, վերադառնալիս փախչել:

15 ժամ անց ոստիկանները շրջափակել են այն տունը, որտեղ թաքնվում էր Անդրեասյանը:

Բարձր պարսպի վրայով թռչելիս Լոռում մարզի քննչական բաժնի պետ Կարեն Հակոբյանը կոտրել է ոտքը,  սակայն մյուս աշխատակիցների հետ պատուհանից ներս է մտել:

«Տեսանք, որ ձեռքին դանակ կար, պահել էր կրծքավանդակի շրջանում, բղավում էր, որ մոտենալու դեպքում ինքնասպան կլինի, փորձեցինք համոզել: Ինձ հետ առանձնազրույցի ժամանակ Անդրեասյանը գցում է դանակը եւ դուրս գալիս, նստում ոստիկանական մեքենան: Բաժին գնալու ճանապարհին էլ զգացինք, բերանում մի բան է լմլմացնում, առանձնազրույցից հետո բերանից հանեց սրիչը ու դուրս նետեց, որից հետո ձերբակալվեց, ես էլ գնացի  հիվանդանոց»,- պատմել է ոստիկան Կարեն Հակոբյանը:

Ղուկաս Անդրեասյանը, Լեւոն Չոբանյանը, Սասուն Դուվենջյանը մի քանի անգամ գողություն են կատարել Դուրյան 43 հասցեում գտնվող բնակարանից. առաջին անգամ գողացել են խմիչք, երկրորդ անգամ՝ հեռուստացույց եւ ձայնագրիչ: